Posted in Հոդվածներ

ՄԻՋԻՆ ԲՐՈՆԶԻ ԴԱՐԻ ԹԱՂՄԱՆ ԾԵՍԸ

 

Մ․թ․ա 3-րդ հազարամյակի վերջին  հարավկովկասյան ժողովուրդների մոտ կատարվում են հսկայական փոփոխություններ, որոնք հետևանքն էին  հողագործական-անասնապահական առաջընթացի։ Այդ փոփոոխությունները կատարվում էին նաև ի հաշիվ տարբեր արհեստների զարգացման, ինչպես նաև էթնոմշակութային կապերի, որոնք տարվում էին Առաջավոր Ասիայի  ժողովուրդների հետ։                                                                                                                                         Այս փոփոխությունները հանգեցրին նոր մշակույթների ձևավորմանը, որոնք ստեղծվեցին  Վաղ բրոնզի դարի վերջին շրջանում։ Նոր մշակույթները՝ ծնված մինչև մ․թ․ա 2-րդ հազարամյակի կեսերը, բնութագրում են Հարավային Կովկասի միջին բրոնզի դարը։                                                               Մշակութային փոփոխությունները դիտվում են աղջ արեալում, սակայն դրա տարբեր հատվածներում դիտվում են տարբեր դրսևորումներ։ Միջին բրոնզի դարի  մշակույթները մեծամասամբ նման բնութագրիչներ ունեն, սակայն արևմտյան հատվածում դիտվում են լրիվ յուրօրինակ բաղադրիչներ։
Բրոնզի դարը տարբեր քաղաքակրթություններում ընթացել  է տարբեր ժամանակաշրջաններում, սակայն ընդունված է համարել ՝ մ․թ․ա  IV հազարամյակի վերջից , մինչև  մ․թ․ա  I հազարամյակի սկիզբը։
Բրոնզի դարը  հաջորդում է Քարի դարին՝ նախորդելով Երկաթի դարին։ Բրոնզի ստացման համար օգտագորվում էր անագի և պղնձի համաձուլվածքը:
Ի տարբերություն շենգավթյան մշակույթի, միջին բրոնզի դարի տնտեսության մեջ գերակշռում էր անասնապահությունը: Դրա մասին են վկայում ոչ միայն ոսկրաբանական նյութերը, այլև մեծաքանակ դամբարանադաշտերը, որոնք կազմում են մեզ հայտնի հուշարձանների գերակշիռ մասը ։                                                                                                                                                                  Ճարտարապետական ձևերում լայն տարածում են ստանում ուղղանկյուն հատակագծով կառույցները (Ուզերլիկ  թեփե, Մեծամոր, Աշտարակի բերդշեն): Դամբարանները նախատեսվում են անհատական թաղումների համար: Ննջեցյալներին հողին էին հանձնում կծկված վերջույթներով՝ տղամարդկանց աջ, կանանց ձախ կողքի վրա պառկած դիրքով: Թաղման հիմնական կառույցը դամբարանաբլուրն էր՝ կազմված քարե զրահից, սրա պարագծով շարված կրոմլեխից և կենտրոնական մասում փորված ուղղանկյուն, երբեմն կլորացող անկյուններով հիմնահողային, ժայռափոր կամ քարաշար պատերով դամբանախցերից: Արքայական դամբարանաթմբերի տրամագիծը հասնում է 50 մ, խորությունը՝ 7 մ, դամբանասրահների մակերեսը՝ 150 քմ:
Հայաստանում՝ միջին բրոնզի դարի վերնախավի դամբարանների դիակիզման ծեսը, հսկայական չափերը, ճոխ, այդ թվում նաև ոսկյա և արծաթե սպասքը, ներմուծված իրերը, մարդկային զոհաբերությունները համադրելի են խեթական և միջագետքյան արքայական դամբարաններին: Նման դամբարաններ պեղվել են Թռեղքում, Մարտկոպիում, Ալազանիի հովտում, Ջավախքում, Արուճում, Մայիսյանում, Քարաշամբում, Վանաձորում, Ներքին Նավերում և այլուր: Հայաստանի` միջին բրոնզի դարի մշակութային ժառանգությունը` կիրառական  արվեստի և գեղարվեստական մետաղագործության (տորևտիկա) նրբաճաշակ գլուխգործոցները, հայ ժողովրդի բազմադարյան ստեղծագործության ամենավառ էջերից են (Վանաձորի հերալդիկ դիրքով առյուծների բարձրաքանդակներով և Թռեղքի` կրկնակի պատերով, թանկարժեք քարերով ընդելուզված ոսկյա, Քարաշամբի ու Կորուկթաշի արծաթե դրվագազարդ գավաթները, որոնց վրա պատկերված են հնդեվրոպական դիցաբանության հնագույն ասքեր):

Հարավային Կովկաս

Ուսումնասիրվող շրջանի առաջին հուշարձանները հայտնաբերվեցին  Կոլխիդայի հյուսիս-արևմտյան շրջանում։ Խոսքը գնում է դոլմենների մասին, որոնք բացվեցին 20-րդ դարում (Միլլեր 1909թ)։                                                                                                                                                  Կարևոր է այն փաստը, որ դոլմենների գույքը համապատասխանում էր Կովկասում՝ այդ շրջանի գերեզմանային գույքին, որտեղ դոլմեններ չեն հայտնաբերվել, և դա միանշանակ վերաբերվում է Կովկասի միջին բրոնզեդարյան մշակույթին։                                                                                  Կոլխիդայի արևելյան շրջանում 20-րդ դարում հայտնաբերվեցին կուրգանային թաղումներ (Սաչխեր)[4]։ Սաչխերյան կուրգանները իրեն պարունակությամբ[5] այնքան նման էին Վրաստանի՝ այդ ժամանակի թաղումներին, որ ուսումնասիրողների մի մասը ենթադրեց, որ տվյալ տարածքի ժողովուրդը եղել է միատարր։                                                                                                  1930-ական թվականներին Վրաստանում սկսվեցին լայնածավալ հնագիտական աշխատանքներ։ Այդ ժամանակահատվածի աշխատանքներին է վերագրվում Անակլիայում՝ միջին բրոնզի դարի առաջին բնակավայրի պեղումը, որը հայտնի է «Անակլիա 1» անունով։ 1972թ․-ին, հավելյալ տեղեկություններ ստանալու համար, Անակլիա 1-ի տարածքում կատարվեցին նոր պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվեցին նոր շերտեր՝ «Անակլիա 2»։                                                                  Ինչպես արդեն ասվեց, Անդրկովկասի մեծ մասում ավելի տարածված էին կուրգանային թաղումները[6]։ Տարածքի սիստեմային ուսումնասիրությունները սկսվեցին այն ժամանակ, երբ  1930-ական թվականներին Վրացական բարձր լեռնային հատվածում՝ Թրիալեթիյում հայտնաբերվեցին «թագավորական» կամ «իշխանական», իրենցից հարուստ նյութ պարունակող կուրգանային թաղումները։                                                                                                                Թաղման ծեսի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ մարմինը ենթարկվել էր կրեմացիայի[7]։ Ներկուրգանային թաղումը հատուկ էր նաև նրանով, որ առկա էին «մահասայլակը կամ մախճակալ», բարձրորակ սպասքն ու թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը։ Մի քանի պեղումների արդյունքում, տվյալ տարածքում բացվեցին 50-ից ավել կուրգանային թաղումներ, տարաժամանակյա հուղարկավորություններ և մի քանի բնակավայրեր։ Բոլոր Հուշարձանների ուսումնասիրության արդյունքում առաջ եկավ նոր եզրույթ՝ «Թրիալեթյան մշակույթ» անվանումով[8]։

  Թրիալեթյան մշակույթ

1948թ-ին Հայաստանի տարածքում Պիատրովսկու կատարած պեղումների արդյունքում բացվեց նոր, փայլուն թրիալեթյան հուշարձան՝ Կիրովականի կուրգանը, որը գիտությանը տվեց  բրոնզե իրերի ունիկալ հավաքածու, ինչպես նաև արծաթյա և ոսկյա հիանալի պատրաստուկներ։ 1950թթ․ թրիալեթյան մշակույթի ուսումնասիրման մեջ սկսվում է նոր ժամանակահատված, քաի որ այդ շրջանում բացվեցին մի քանի հիանալի հուշարձաններ, վերսկսվեցին հուղարկավորության, թաղման ծեսի ուսումնասիրությունները Թրիալեթում, որոնք տվեցին հսկայական նյութ ուսումնասիրության համար[9]։                                                                                                                Կուրգաններից մեկում առաջին անգամ պեղվեց փայտե չորս ականի սայլը՝ լավ պահպանվածությամբ (Ջապարիձե Օ․Մ, 1960թ), սկսվեց Զուրտակետյան սարահարթի ուսումնասիրությունը։ Այստեղ ուսումնասիրվում էին խոշոր կուրգաններ, քարե ծածկույթով և հսկայական թաղման սրահով։ Ջապարիձեն ենթադրում էր, որ Թրիալեթյան մշակույթը ստեղծվել է՝ իրեն նախորդող, Կուր-Արաքսյան մշակույթի հիման վրա։ Այս միտքը մերժում էր «Թրիալեթյան մշակույթը առաջացել է Կովկասում էթնիկ տեղաարժերի արդյունքում» միտքը։                                Վրաստանի հարավային հատվածում նույնպես ուսումնասիրվում էին կուրգաններ, որոնք պարունակում էին բարակ պատերով խեցեղեն, ինքնատիպ ոսկերչական իրեր և աշխատանքային գործիքներ։ Հաստատվեց, որ, ի տարբերություն վերոհիշյալ հուշարձանների, թաղման այս տեսակը բնութագրում է ամենավաղ շրջանը[10]։                                                                                       Իորի-Ալազանյան շրջանում պեղվեցին 5 կուրգաններ, որոնք առնչվում էին թրիալեթյան մշակույթի վաղ շրջանին։ Դրանք իրենցից ներկայացնում էին ինքնատիպ «բուրգեր» և թաղման սրահրներ, որի շնորհիվ էլ թրիալեթյան վաղ շրջանն անվանվեց՝ «Բեդենո-ալազանյան փուլ»[11]։       1940-ական թվականներին հնագիտական ամենավառ բացահայտումներից էր Կիրովականի կուրգանը, որը իշխանական թաղում էր ներկայացնում։ Ներսում պեղվեցին բրոնզյա զենքեր, գեղեցիկ նախշազարդ սպասք, ոսկուց և արծաթից արժեքավոր իրեր[12]։ Հետագայում իանման թաղումներ բացվեցի Հայաստանի ողջ տարածքում  (Կամո, Զոլաքար, Լճաշեն, Գետաշեն), Արատատյան դաշտում՝ Ոսկեվազ, Աղավնատուն, էջմիածին։  Վերոնշյալները կուրգանային համեստ թաղումներ էին՝ փոքրաթիվ, նախշազար-դ սև փայլեցված սպասքով, տեսակով մի փոքր այլ, բայց թրիալեթյան տիպի։                                                                                                                 Հետագա պեղումներից առավել վառ նշանակություն ունեն Լոռի Բերդի պեղումները։

Լոռր բերդ

Լոռի Բերդը Հայաստանի բրոնզի և երկաթի դարաշրջանների նշանավոր հուշարձան է: Այն ներկայացնում է հսկայական դամբարանադաշտ և բնակավայր: Գտնվում է Լոռու մարզում և զբաղեցնում է Ձորագետ և Ուռուտ (Միսխանա) գետերի միջև ընկած բարձրադիր հարթավայրերը: Այստեղ՝ գետերի միախառնման վայրում, անառիկ հրվանդանի վրա կառուցված է Կյուրիկյան հայկական թագավորության Լոռե բերդաքաղաքը (X-XII դդ.):
Հարթավայրն ունի ծովի մակերևույթից շուրջ 1380 մ բարձրություն: Մեղմ բնակալիմայական պայմանները, բարեբեր սևահողը, անտառածածկ լեռներն ու ընդերքի հարստությունները (պղինձ, ոսկի, բազմամետաղային հանքեր), նպաստել են այս միջավայրում մարդկային գործունեության անընդմեջ ծավալմանն և զարգացմանը մ.թ.ա. III – I հազ.: Լոռի Բերդն ունի գրեթե երկհազարամյա բնակեցվածության պատմություն՝ մ.թ.ա. III հազարամյակի վերջին դարերից մինչև մ.թ.ա. VI – V դարերը ներառյալ[13]:                                                                                             Հին բնակավայրը գտնվում է Ուռուտ գետի ափին, որտեղից, պեղումների միջոցով հայտնաբերվել են միջին բրոնզի վերջի, ուշ բրոնզի վաղ փուլի և միջնադարյան արտեֆակտներ: Այն հավանաբար բնակեցված է եղել դամբարանադաշտի գոյության ողջ ընթացքում, ապա, նաև միջնադարում` հանդիսանալով Լոռե քաղաքի ծայրամասային արվարձանը:                                                          Լոռի Բերդի պեղումների շնորհիվ, բացվել են ցեղապետերի, ռազմական առաջնորդների, իշխանների և քրմական դասի ներկայացուցիչների, ինչպես նաև պարզ համայնականների 111 դամբարաններ: Սրանց վերգետնյա մասերը տարբեր չափերի քարահողային ոչ բարձր դամբանաթմբեր են կամ քարաշար, շրջանաձև կրոմլեխներ: Ստորգետնյա խուցերն ուղղանկյունաձև են, հիմնահողային, սալարկղային կամ քարաշար պատերով՝ քարարկղային: Ծածկված են կեղծ թաղի սկզբունքով, թվով` 2-6 հսկա սալերով, շուրջանակի ամրացված և ծածկված` քարազրահով:
Տարբեր շրջափուլերում դամբարանների ձևերը, որոշ բացառություններով, ենթարկվել են փոփոխությունների. միջին բրոնզում (մ.թ.ա. III հազ. վերջ – մ.թ.ա. II հազ. կեսեր) և ուրարտաաքեմենյան շրջանում դրանք արևելքից արևմուտք ուղղված քարարկղներ են: Սովորաբար մեծ դամբարանները պատկանել են իշխաններին և հասարակության հարուստ վերնախավին: Այս դամբարաններում զետեղվել են ննջեցյալների ոչ միայն արտնին օգտագործման, այլև թանկարժեք իրերն ու անձնական զարդերը, զենքերը, թաղման զանազան արարողությունների հետ կապված` ծիսական առարկաները, զոհաբերված կենդանիների մնացորդները, երբեմն` փայտե փոխադրամիջոցները                                                         Թաղման ծեսը դիաթաղումն է, դիակիզումն ու դիամասնատումը[14]: Վերջինը բավականին տարածված է և հանդիպում է բոլոր շրջափուլերում: Յուրաքանչյուր դամբարանում մեծ մասամբ թաղված է մեկ մարդ։
Լոռի բերդում գտնված նյութերից իրենց ձևաբանությամբ և նուրբ զարդանախշերով աչքի են ընկնում միջին բրոնզի սև և գունազարդ կավամանները, ոսկե զարդերը, դեղնականաչավուն որմնանկարները։
Դամբարանադաշտում առաջին հայացքից կարելի Է տարբերել երեք տիպի դամբարաններ. մի քանիսը ծածկված են խոշոր և մանր քարերի կույտով, կես մետրով բարձր են գետնի մակերևույթից։ Մի մասը քարերի շրջանաձև շարվածք ունեցող կրոմլեխներ են, իրենց չափերով շատ տարբեր 14-15 մետր կամ 6-7 մետր տրամագծերով, կան նաև արտաքինից միայն 1-2 քարով արտահայտված դամբարաններ[15]։                                                                                                           1968 թվականին, խճուղու մոտ, հողային աշխատանքների ժամանակ պատահաբար բացված մի դամբարան պեղել Է Լոռի Բերդը ուսումնասիրող հնագետ Իգիթ Գարիբյանը, սակայն, ցավոք, այն կողոպտված Է եղել ուշ միջնադարում։ Այս դամբարանը, որը համարեցինք Լոռի Բերդ 1, իր ճարտարապետական կաոուցվածքով և թաղակապ ծածկով դասական Է, ինչպիսիք կարելի Է տեսնել Լճաշենում և այլ հնավայրերում։ Այն ունի երկու կողմերից հետզհետե նեղացող քարե պատեր, որոնց վրա նստած են չորս հսկա սալաքարերը, ամփոփելով իրենց մեջ 6,70 մետր երկարության և 2,92 մետր լայնության դամբարանը, որը պատկանում Է կրոմլեխների տիպին և ունի 14 մետր տրամագիծ։
Պեղվեց վերոհիշյալ դամբարանից 40 մետր հեռավորության վրա գտնվող գրեթե կլոր մի դամբանաբլուր՝ 7,5 մետր տրամագծով՝ ծածկված միջին մեծության քարերով և կես մետրով բարձր գետնի մակերևույթից։ Պեղման սկզբում պարզվեց, որ գոյություն ունեցած հինգ սալաքարերից միայն մեկն Էր իր տեղում մնացել, մեկը դամբարանը դեռ դատարկ եղած ժամանակ ընկել Էր մեջը, իսկ մյուսները տարվել և օգտագործվել Էին որպես շինանյութ։ Սկզբում թվաց, թե Լոռի Բերդի  2 դամբարանը նույնպես կողոպտված Է, մանավանդ, երբ մոտ 70 սմ խորությունից հայտնաբերվեցին բրոնզե երկու բոժոժներ, ապա կոճակ արծաթե երեսապատով:
Դամբարանի երկարությունն Էր 5,8 մետր, լայնությունը 2,35 մետր, խորությունը՝ 2,45՝ մետր, ձգվում Էր հյուսիս-արևմուտքից հարավ֊արևելք և իր ճարտարապետական կառուցվածքով զիջում Էր համար 1-ին։ Սա հիմնահողային Էր հատակից մինչև կես մետր բարձրությունը, որից վերև երբեմն հիմնահողային պատին փոխարինում Էր քարը։ Հարավային և արևելյան պատերն ամբողջովին հիմնահողային Էին, իսկ հյուսիս-արևմտյան պատը մեկ հսկա քարից Էր կազմված, որը հավանաբար վերջին ծածկի քարն Էր խախտված իր նախկին տեղից։ Ծածկի սալաքարերը պահելու նպատակով նրանց տակ, երկու ծայրերում, տեղավորված Էին միջին մեծության քարեր։ Դամբարանում լցված հողը չափազանց կարծր Էր ու խոնավ, որը դժվարացրեց պեղման աշխատանքները։ Իրերի մեծ մասը հայտնաբերվեց հյուս-արևմտյան կեսում, մյուս կեսում թաղված Էին երկու. ձիեր։ Երկու մետր խորության մեջ պեղվեցին մեկ ձիու վերջավորությունները։ Միևնույն մակարդակի վրա Էր դամբարանի նյութերի մեծ  մասը՝ բրոնզե ապարանջաններ ու մանյակներ, երկաթե կեռ դանակներ, ոսկե և արծաթե զարդեր, քարե ուլունքներ, սափորներ, գավաթներ. քրեղաններ, ուրարտական սրվակ և այլ իրեր, որոնք հանդես են գալիս երկաթի լայն տարածման ժամանակաշրջանի հուշարձաններում[16]։
Պեղման ընթացքում պարզվեց, որ այստեղ կատարվել Է կրկնակի թաղում. հայտնաբերվեցին իրեր, որոնք բնորոշ են ավելի վաղ ժամանակաշրջանների, այն Է ուշ բրոնզի դարաշրջանի համար։ Սրանք տեղավորված Էին մոտ կես մետր ավելի խոր, արևմտյան պատի տակ, նրանց վրա ընկած սալաքարը ճզմել էր խեցեղեն անոթները։ Վաղ շրջանի թաղման կմախքը չհայտնաբերվեց, իսկ իրերը հիմնականում հավաքված էին մի կողմ արևմտյան պատի տակ։
Վաղ շրջանի իրերի մեջ առանձին խումբ են կազմում պաշտամունքային խեցեղեն անոթները, որոնք իրենց ոճով և կավի բաղադրությամբ համանման են։ Այդ բոլոր իրերն, ինչպես արդեն ասվեց, կոտրատվել Էին ընկած սալաքարի տակ, ուստի հնարավոր չեղավ դամբարանում նրանց դիրքը որոշել, որը կարևոր Էր թաղման ծեսի ուսումնասիրության առնչությամբг Դրանցից են Հայաստանի հնավայրերից քաջ հայտնի բարձր, սնամեջ բուրանոթները[17], որոնք եղել են հինգը, բայց ամբողջովին վերականգնվեցին միայն երկուսը
Վերջին թաղումը նույնպես հարուստ էր․ ննջեցյալը տեղավորված էր դամբարանի կենտրոնում, լայնությամբ, դեմքով դեպի արևելք։
Բրոնզեդարյան դամբարանի նյութերից պետք էուշադրություն դարձնել  նաև երկու ոսկե ուլունքներին, որոնք իրենց ձևով և ոճով կապվում են մի կողմից Լճաշենի, մյուս կողմից՝ Թրիալեթիի դամբանաբլուրներից հայտնաբերված ոսկե ուլունքների ու զարդերի ՀետI Կարելի է ենթադրել, որ այս դամբարանը եղել է մ. թ. ա. XIV—XIII դարերի այն Հարուստ Հուշարձանն երից, որպիսի ք տեսնում ենք Լճաշենում, մի քիշ ավելի վաղ Թրիալեթիում, Կիրովականում և այլ վայրերում[18]։
Ստեփանավանի շրջանի Լոռի Բերդ դամբարանադաշտը մեծ հետաքրքրություն առաջացրեց շնորհիվ մ. թ. ա. XIV—XIII և VII—VI դդ. պատկանող № 2 դամբարանի։

Քարաշամբի դամբարանադաշտ

Հայաստանի տարածքի բրոնզեդարյան հնավայրերի շարքում առանձնահատուկ տեղ ունի Քարաշամբի դամբարանադաշտը, որտեղ պեղված միջին բրոնզի դարաշրջանի հարուստ նյութերով թաղման կառույցները Թռեղքի, Վանաձորի, Լոռի բերդի և Ներքին նավերի դամբարանների նյութերի հետ վեր են հանում տարածաշրջանում պետական վաղ կազմավորումների ի հայտ գալու, սոցիալ-մշակութային միջավայրի ձևափոխության ու աննախադեպ զարգացման պատկերը: Հուշարձանը հարուստ է միջին և ուշ բրոնզի ու վաղ երկաթի դարերի աննախադեպ խտության և քանակի դամբանային կառույցներով։                Քարաշամբի գերեզմանատանը գտնվում է Կոտայքի մարզ Քարաշամբ գյուղից 1,6 կմ հարավ, Հրազդան կիրճի աջ ափի մի բարձրության վրա: Տեղանքի այս տարածքը զբաղեցնում է նախալեռնային ավելի մեծ գերեզմանատան փոքր մասը:
Հնագիտական ուսումնասիրությունը այնտեղ իրականացվել է 1996 թ.-ին, և լայնածավալ հնագիտական պեղումներ են իրականացվել XX դարի 80-ական թվականներին, երբ պեղվել են Միջին բրոնզից մինչև երկաթի դարերի ավելի քան 1000 դամբարաններ: Երկար ընդմիջումից հետո համակարգված պեղումները վերսկսվել են 2008 թ. և շարունակվում են մինչ այժմ[19]։            Դամբարանային կառույցները սահմանազատվել են միջին մեծության քարերից կազմված շրջանային շարերով (կրոմլեխներով), որոնց կենտրոնում զետեղվել են առավելապես հյուսիս-հարավ կողմնորոշում ունեցող հիմնահողային դամբարանախցերը: Դրանք հիմնականում փակվել են տարբեր չափերի ու քանակի բազալտե տափակ սալաքարերով: Դամբարանախցի զգալի մասը լցվել ու զմռսվել էր տարբեր հաստության ու ամրության կրաշաղախի կամ կավալուծույթի շերտով: Այստեղ թաղումները հիմնականում անհատական են: Դամբարանախցի հատակին տեղադրված հանգուցյալների մասունքները վատ են պահպանվել: Հանդիպում են նաև կմախքների որոշ հատվածների բացակայություն, ոսկորների կոտրատման ու իրարից անջատման դեպքեր: Առավել հաճախ են ստորին ծնոտների բացակայությունը, կամ դրանց միտումնավոր հեռու տեղադրումը գանգերից: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ թաղման ծեսի ընթացքում դամբարանադաշտում երբեմն իրականացվել է դիամասնատման (դեկարնացիայի) արարողություն:
Դամբարանային համալիրների պեղումներից հայտնաբերվել են միջին բրոնզեդարյան-վաղ երկաթեդարյան շրջափուլերի նյութական մշակույթի արժեքավոր նմուշներ: Այդ թվում՝ իշխանության խորհրդանշաններ (ոսկե, էլեկտրումե և արծաթե գավաթներ, զինանշան, գլանաձև կնիք), քարե կուռք-ֆալլոսներ, կավանոթներ (ամենօրյա, խոհանոցային և ծիսական), սպառազինության նշաններ (սակր, դաշույններ, նիզակներ, զրահաշապկի մասեր, նետասլաքներ), ոսկե, բրոնզե, արծաթե, ծարիրե և երկաթե պերճանքի առարկաներ (ականջօղեր, մատանիներ, ապարանջաններ, շքասեղներ, վզնոցներ, կախիկներ, օձագալար միջնամասով շրջանաձև հերակալներ) և այլն: Հատկապես առանձնանում է միջին բրոնզեդարյան իշխանական դամբարանից հայտնաբերված արծաթե դրվագազարդ գավաթը, որը եզակի երևույթ է Հայաստանի և Անդրկովկասի բրոնզեդարյան հնագիտության մեջ:

Եզրակացություն

Միջին բրոնզեդարյան մշակույթի ուսումնասիրությունը կարևոր դեր է կատարում հնագիտական նյութը ճշգրիտ պատկերացնելու համար։ Դամբարաններն ու թաղման ծեսը միշտ էլ եղել են ամենահարուստ նյութի աղբյուրը, որոնց պեղման, այնուհետև ուսումնասիրման արդյունքում, կարելի է պատկերացում կազմել ժամանակաշրջանի ոչ միայն մշակութային, այլև տնտեսական-սոցիալական համակարգի մասին։ Թաղման ծեսը առավել քան պատկերավոր է երևում կուրգանային թաղումը դիտարկելիս, քանի որ ներսում պահպանված նյութը (այն կուրգանների, որոնք չեն կողոպտվել) առավել քան անաղարտ է և չի ենթարկվել փոփոխության, այսինքն կարելի է ճշգրիտ նկարագրել հանգուցյալի, նրան շրջապատող իրերի տեղայնությունը և ըստ այդմ վերլուծել թաղման ծեսը։

Օգտագործված գրականության ցանկ

  1. Սեդա Դևեջյան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Լոռի բերդի ժամանակագրությունը։
  2. Кушнарева к., Археологические раскопки в Триалети, опыт периодизации памятников., Тбилиси 1941․
  3. Куфтин Б., Археологические раскопки в Триалети., Тбилиси 1941․
  4. Рыбакова Б. А., Эпоха бронзы Кавказа и Средней Азии, Москва, Наука 1994.
  5. Melikyan V., Newly found middle bronze age Tombs of Karashamb cemetery: Preliminary report․

[1] Рыбакова Б. А., Эпоха бронзы Кавказа и Средней Азии, Москва, Наука 1994., ст 58.

[2] Որոշ դեպքերում բրոնզը ստանում էին պղնձի և մկնդեղի խառնուրդից:

[3] Кушнарева к., Археологические раскопки в Триалети, опыт периодизации памятников., Тбилиси 1941. Ст.3

[4] Դամբանաթումբ, գերեզմանաբլուր։

[5] Թաղումի գույք․ Գլանաձև-կապվող կացիններ, T-աձև քորոցներ, գլխային հատվածում խոյաձև քորոցներ։

[6] Թաղումներում առկա գույք՝ սև փայլեցված  սպասք, կարմիր ֆոնի վրա սև օրնամենտներով սպասք, հազվադեպ հանդիպով բաց ֆոնի վրա կարմիրև սև օրնամենտներով սպասք, որոնք նախշված էին խազային կամ կետային մեթոդով։

[7] Կրեմացիա-մարմնի այրում թաղման ծեսի ժամանակ, հատուկ միայն բարձրաստիճան այրերի թաղումներին։

[8] Рыбакова Б. А., նշվ․աշխ․, էջ 58-61։

[9] Куфтин Б., Археологические раскопки в Триалети., Тбилиси 1941, ст 78-85:

[10] Ընստ տեղադրության դամբարնների տիպն անվանվեց «Բեդենյան»։

[11] Рыбакова Б. А., նշվ․աշխ․, էջ 3-65։

[12] Куфтин Б., Նշվ․աշխ․, էջ78-85:

[13] Դևեջյան Ս․, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Լոռի բերդի ժամանակագրությունը, http://iae.am/hy/LoriBerd#/0

[14] կողքի պառկած, կծկված դիրքով

[15] Դևեջյան Ս․, նշվ․աշխ․, Էջ 270-274։

[16] Դևեջյան Ս․, նշվ․աշխ․, Էջ 273:

[17] Տնտեսության մեջ օգտագործվող տարաներ, որոնք պահվում էին հողի շերտի մեջ, պարունակությունը երկար ժամանակ թարմ պահելու համար։

[18] Դևեջյան Ս․, Լոռի բերդ հ-2 դամբարան․, Էջ 267-274։

[19] Melikyan V., Newly found middle bronze age Tombs of Karashamb cemetery: Preliminary report., pg 1.