Գյումրվա ցուրտն էլ դեմք ունի

Մարտի 29-ին Ավագ դպրոցի սովորողների, ընկեր Ալիսի և ընկեր Գագիկի հետ ճամփա ընկանք․ նպատակը՝ Գյումրի, Գեղարվեստի ակադեմիա, մշակութային զբոսանքներ ու այցելություններ։
Մեզ հյուրընկալեցին Աստեր զարգացման կենտրոնում՝ ջերմ ու տաք միջավայրում; Սովորողների հետ տեղավորվեցինք ու գծեցինք առաջիկա օրերի մեր պլանները։

Արդեն ապրիլ ամսին ենք հասնում, բայց Գյումրիում բացասական ջերմաստիճանով եղանակ է։ Իհարկե, դա մեզ չի խանգարելու․․․

Գյումրին փոքր, բայց խիտ քաղաք է․ ամեն բան պետք է հասցնենք։ Գեղարվեստի ակադեմիայում մեզ հյուրընկալեց դասախոսական կազմը, սովորողներին ներկայացրին Գյումրվա նկարիչների ու քանդակագործների մասին հետաքրքիր տեսաշար։ Այնքան բան կա, որ մենք չենք տեսել Գյումրիում։ Երբ առիթ ու նախագիծ է լինում մշակութային մասով ուսումնասիրել Գյումրին, հասկանում ես, որ շատ քիչ ես տեսել, շատ քիչ վերցրել նախորդ այցերի ժամանակ։ 

Դասավանդողների նման խմբով առաջին անգամ ենք ճամփորդում․ բացարձակ առանց լարման ու ջերմ միջավայր է, իսկ սովորողների խումբը հստակ գիտի իր անելիքը։ Հաճելի է, երբ սովորողները աջակցում են մեզ, երբ դրա կարիքն ունենք։

Գյումրվա երեք օրերն  անընդհատ լուսաբանել ենք ֆեյսբուքյան մեր հարթակներում։ Թողնում եմ հղումները, իսկ հետաքրքիր ֆոտոշարքը կարող եք տեսնել ներքևում։

Սովորողների հետ եղել ենք Ասլամազյան քույրերի թանգարանում, Բեռլին արթ հոթելի ցուցահանդեսին, Սև Բերդում , Վառեմ-մարեմ արտ տանը, Գեղարվեստի ակադեմիայի լաբորատորիաներում, քանդակագործության դասընթացներին։ 

Սովորողները պրակտիկ շատ դասընթացներ ունեցան ակադեմիայում։ Պատումը գրելու պահին գեղարվեստի ակադեմիայի շենքում ենք, որտեղ սովորողները իրենց հետազոտական աշխատանքներն են ներկայացնում դասախոսական կազմին։ Վերջիններս օգնում են սովորողներին ռեալիզացնել իրենց մտքերը՝ կապված աշխատանքների հետ։ 

 9-րդ դասարանի մասնագիտական ողմնորոշման ծրագրով սովորողները  ևս մեծ պրակտիկա անցան Գյումրիում։ Ամենակարևորը, սովորողները ծանոթանում են անկախ աշխատանքին, սեփական փորձով արդյունք ստանալուն, տեսնում են, թե ինչ միջվայր ունի գեղարվեստական աշխատանքը։ Կարծում եմ, մասնագիտական ընտրության զարգացման համար հետաքրքիր ու վառ միջավայր է Գյումրին։ 

Սովորողների պատումները շուտով կհրապարակվեն ենթակայքերում․ շատ բան ունենք պատմելու, իսկ հիմա, վայելեք ֆոտոշարքը։  

 

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started